24kadr::films

    Կայքի ստեղծման գաղափարը ծագեց իմ գլխում, երբ նստած էի ռեժիսուրայի քննությանն ու դիտում էի մեր ուսանողների ֆիլմերը: Որպես կանոն ուսանողներից պահանջվող ֆիլմի տևողությունը պետք է լինի 5-15 րոպե: Ցանկացած ուսանող, ով երբևէ ֆիլմ է նկարանահանել, շատ լավ գիտի, որ անգամ 5 րոպե տևողությամբ ֆիլմ նկարահանելու համար հսկայական ջանք ու եռանդ է պահանջվում:  Անարդար է, երբ այդ հսկայական ջանքը թափելուց հետո հանձնաժողովը 5 րոպեյում դիտում է ֆիլմը, գնահատում այն և վերջ: Այդ ֆիլմը այլևս ոչ մեկին հարկավոր չէ: Իսկ այդ ֆիլմերի մեջ կան հիանալի աշխատանքներ: Ուստի, որպեսզի մեր նկարահանած ֆիլմերը քննություններից հետո դեն չնետենք, ես որոշեցի ստեղծել այս կայքը, որտեղ կտեղադրվեն բոլոր այն ուսանողների նկարահանած ֆիլմերը, ովքեր կցանկանան իրենց ֆիլմերը ներկայացնել լայն ուսանողական հասարակության դատին:

   Կայքը պատրաստված է այնպես, որ գնահատվի ոչ միայն ռեժիսորի աշխատանքը, այլ նաև դերասանի, օպերատորի և սցենարիստի աշխատանքները: Այստեղ հատուկ գնահատող հանձնաժողով չկա: Ֆիլմերը կգնահատվեն հենց ձեր կողմից: Այսինքն <<ծանոթի միջոցով>> ֆիլմը առաջ տանելը այստեղ բացառված է: Դուք նաև կկարողանաք արտահայտել ձեր անձնական կարծիքը կոնկրետ ֆիլմի ռեժիսորի, օպերատորի կամ դերասանի մասին կարծիքների բաժնում: Հուսով եմ, որ կստեղծվի առողջ քննարկում, որը կօգնի մեզ բոլորիս նկարահանել ավելի լավ ֆիլմեր:

   Կոչ եմ անում բոլորին ներկայացնել իրենց ֆիլմերը և ակտիվորեն մասնակցել քննարկումներին:

   Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի  ուսանող`    

                                        Արամ Վարպետյան: